9 մարտի 2011 - 12:14 AMT
Առաջին անգամ Մայնդորֆից հետո Ադրբեջանը համաձայնագիր ստորագրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման մասին, ասել է Իսկանդարյանը

Պետք չէ գերագնահատել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարությունը մարտի 5-ին Սոչիում կայացած հանդիպումից հետո: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա հիշեցրել է, որ նման հայտարարություններ եղել են նաև նախկինում: «Այն փաստը, որ ստորագրվել է հերթական հայտարարությունը, խոսում է այն մասին, որ նախկինները չեն կատարվել: Սակայն առաջին անգամ Մայնդորֆից հետո Ադրբեջանը ստորագրել է համաձայնագիր ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման և ռազմագերիների փոխանակության մասին: Հաշվի առնելով այն, որ պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանում ռազմագերիներ չկան, հետևաբար, Ադրբեջանն իր վրա պարտավորություն է վերցնում վերադարձնել հայ ռազմագերիներին»,- ասել է Իսկանդարյանը: