9 մարտի 2011 - 12:35 AMT
ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունն անբարոյական է

Հայկական ուժերի կողմից ադրբեջանցի երեխայի սպանության մասին Բաքվի լրատվամիջոցների կողմից մարտի 8-ին տարածած լուրը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ասվում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի հայտարարության մեջ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ի տարբերություն ադրբեջանական ուժերի (որոնք մարտի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 150 անգամ), ինչպես երեկ, այնպես էլ դրան նախորդած օրերին ոչ միայն չեն դիմել որևէ նախահարձակ քայլի, այլև անհարկի չեն պատասխանել հակառակորդի սադրիչ գործողություններին:

Կասկածից վեր է, որ այդքանից հետո, Օրթա Քարվենդ գյուղի 8-ամյա, թե 10-ամյա (չգիտես ինչու, ադրբեջանական աղբյուրներն այդպես էլ չեն կարողանում հստակ ներկայացնել տուժվածի տարիքը) բնակիչ Ֆարիզ Բադալովի սպանության մեղքը բարդելով հայկական կողմի վրա, պաշտոնական Բաքուն բացառապես հետապնդում է քարոզչական նպատակ: Մինչդեռ այս պարագայում Ադրբեջանի կողմից որդեգրած նման մոտեցումը ոչ միայն անբարոյական է, այլև անհեռանկար է քարոզչական մարտավարության տեսանկյունից, ասվում է ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ: