9 մարտի 2011 - 13:41 AMT
Ադրբեջանը, Ղարաբաղի մասին ապատեղեկատվություն տարածելով, խճճվել է սեփական ստի մեջ

Փարիզում մարտի 8-ին կայացած «17 տարի 1994թ. հրադադարի հաստատումից հետո. ինչի՞ է հասել է Լեռնային Ղարաբաղն այսօր» համաժողովի ժամանակ, որը կազմակերպվել է Միջազգային հարաբերությունների և ռազմավարական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտում, ելույթ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

«Համաժողովին ներկա են գտնվել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչներ և այսպես կոչված ուսանողներ, որոնք սովորում են Փարիզում: Ամենայն հավանականությամբ, ուսանողներից մեկը` ոմն Մուհամեդ Մուրադովը, հրահանգներ է ստացել Ադրբեջանի դեսպանատանը, բայց չի կարողացել նույնիսկ կապակցված ձևակերպել նախօրոք գրված հարցերը: Հաշվի առնելով հարցերի անհեթեթությունը, որոնք ինչպես միշտ վերաբերվել են «բռնազավթված ադրբեջանական հողերին», նախագահ Սահակյանը հարկ չի համարել պատասխանել դրանց»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքերով, ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական անգամ ստեր են տարածում ԼՂ մասին` ապակողմնորոշելով հասարակական կարծիքը:

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հրապարակել է Մուրադովի հարցերը, որոնք, մասնավորապես, վերաբերվել են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և Հայաստանի նախագահի պաշտոնում հենց Բակո Սահակյանի թեկնածության առաջադրմանը: «Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցչի հարցերից հետո պարոն Սահակյանը վերջնականապես շփոթվել է»,- գրել է ԱՊԱ-ն: