9 մարտի 2011 - 16:59 AMT
«Զվարթնոց» օդանավակայանում ոչինչ չգիտեն «Թուրքական ավիաուղիների» չվերթների մասին

Թուրքական Hurriyet էլեկտրոնային թերթի տարածած տեղեկատվության համաձայն, «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերությունը (THY) նախատեսում է չվերթներ իրականացնել Լոս Անջելես-Ստամբուլ-Երևան: Ընկերության նախագահ Համդի Թոփչուի խոսքերով, նրանք դեռևս չվերթներ չեն կատարում Թուրքիայից Հայաստան, բայց Երևանում արդեն բացել են իրենց գրասենյակը:

Թոփչուն նաև նշել է, որ եթե իրենց հաջողվի կյանքի կոչել այդ նախաձեռնությունը, ապա կարևոր քայլ կկատարեն երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու գործում: Նա նաև տեղեկացրել է, որ Լոս Անջելեսի հայերի համար Թուրքիայից ինքնաթիռներով մատակարավելու է պանիր, քանի որ այնտեղ այդ մթերքը լուրջ պահաջարկ է վայելում:

Սակայն «Զվարթնոց» օդանավակայանի մամլո ծառայությունից PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են, որ օդանավակայանը գրասենյակի բացման մասին տեղեկատվություն չունի: Նման պատասխան է տվել նաև Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Նելլի Չերչինյանը, որի խոսքերով այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: