9 մարտի 2011 - 18:13 AMT
Յ. Լենարչիչ. Նոր «Քրեական դատավարության օրենսգրքի» ընդունումը ցուց կտա, թե որքանով է ՀՀ օրենսդրությունը համապատասխանում միջազգային չափանիշներին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մարտի 9-ին ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ղեկավար, դեսպան Յանեշ Լենարչիչին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին: Հանդիպմանը մասնակցում էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԺՀՄԻԳ-ի կողմից «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի» նոր հայեցակարգի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների և դրանց շուրջ ՀՀ դատախազության տեսակետների մասին հարցերը:

ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն հայտնեց պարոն Յ. Լենարչիչին, ներկայացված առաջարկությունների, համագործակցության պատրաստակամության և ստացված դրական արդյունքների համար: Ա. Հովսեփյանը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ պատրաստ են «Քրեական դատավարության օրենսգրքի» նոր հայեցակարգով նախատեսված փոփոխությունների փաթեթները և առաջիկայում Կառավարությունը այն կներկայացնի Ազգային Ժողովի քննարկման:

Գլխավոր դատախազը նշեց, որ նոր «Քրեական դատավարության օրենսգրքի» ընդունման հարցը կարևորվել է նաև ՀՀ նախագահի կողմից և նախագահի հրամանագրով ստեղծվել է աշխատանքային խումբ` Սահմանադրական դատարանի նախագահի գլխավորությամբ, սահմանվել են աշխատանքների կարգը և ժամկետները:

ԺՀՄԻԳ ղեկավար Յ. Լենարչիչը շեշտեց, որ նոր «Քրեական դատավարության օրենսգրքի» ընդունումը նաև ցուց է տալու, թե որքանով է ՀՀ օրենսդրությունը քրեական ոլորտում համապատասխանում միջազգային չափանիշներին և Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններին: Դեսպան Յ. Լենարչիչը որ վերջին շրջանում, Հայաստանում գնալով ավելի է նկատվում բարեփոխումներ իրականացնելու գործընթացի ակտիվացում:

Գլխավոր դատախազը նաև նշեց, որ անձամբ իր խնդրանքով ԵԱՀԿ երևանյան գրասենյակը անցկացնում է դատախազական համակարգի բարեփոխումների փորձագիտական մոնիտորինգ, հստակեցնելու, թե անցկացված բարեփոխումների արդյունքում, որքանով է դատախազական համակարգը համապատասխանում միջազգային չափանիշներին:

Հանդիպման ավարտին, հյուրերը պատրաստակամություն հայտնեցին ԵԱՀԿ մանդատի շրջանակներում աջակցել դատախազության խնդրահարույց հարցերի լուծմանը: ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ համագործակցությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ մշտապես տվել է դրական արդյունքներ, հայտնում է գլխավոր դատախազության Հանրային կապերի վարչությունը: