9 մարտի 2011 - 19:04 AMT
Տեղի ունեցավ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը

Գեղարքունիքի մարզում այսօր տեղի ունեցավ «Սեւան» ազգային պարկ՚ ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ:

Փոխվարչապետը նախ ներկաների ուշադրությունը հրավիրեց մարտի 4-ի խորհրդակցությանը ՀՀ նախագահի կողմից տրված հանձնարարականներին: Նա հանձնարարեց բնապահպանության նախարարին եւ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին ձենամուխ լինել հանրային լողափերի կազմակերպման աշխատանքներին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել հունիսի 15-ից դրանց շահագործումն ապահովելու համար:

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից խորհրդին ներկայացվեց «Սեւան» ազգային պարկ՚ ՊՈԱԿ-ի 2007-2011թթ. կառավարման պլանով նախատեսված միջոցառումների հաշվետվությունը: Արձանագրվեց, որ գործող կառավարման պլանը վերանայման կարիք ունի` մասնավորապես կառավարման մեխանիզմների բարելավման, կադրերի վերապատրաստման եւ մի շարք այլ ուղղություններով: Ներկայացվեցին առաջարկություններ` ՊՈԱԿ-ի 2012-2017թթ. պլանի մշակման վերաբերյալ:

Անդրադարձ եղավ նաեւ խորհրդի ստեղծումից` 2010թ. սեպտեմբերի 1-ից հետո ՊՈԱԿ-ի կնքած հողերի վարձակալության պայմանագրերին: Հաշվի առնելով պայմանագրերի ուսումնասիրման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջարկները` որոշվեց մեկ ամսվա ընթացքում տեղերում իրականացնել ուսումնասիրություն, որի արդյունքների հիման վրա խորհուրդը կքննարկի պայմանագրերին հավանություն տալու նպատակահարմարության հարցը:

Խորհուրդը երկարաձգեց ՊՈԱԿ-ի հողերի վարձակալության նվազագույն սակագնի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետը, ասվում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի մամլո հաղորդագրության մեջ: