Մարտի 10-ին մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի 2011թ. Գավաթը: Երևանի «Հրազդան» մարզադաշտում 1/4 եզրափակչի շրջանակներում իրենց ուժերը չափեցին «Ուլիսն» ու «Արարատը»: «Ուլիսը» կարողացավ նվազագույն հաշվով հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ Արտյոմ Ադամյանի գոլի շնորհիվ:
«Բանանցն» իր ֆուտբոլային դպրոցի մարզադաշտում հյուրընկալեց «Գանձասարին» և 3:0 հաշվով հաղթանակ տարավ: Հաշիվը բացեց Խաչատուր Ավետիսյանը, ապա աչքի ընկան Նորայր Գյոզալյանն ու Տետոն:
Իջևանի «Առնար» մարզադաշտում կայացավ «Շիրակի» և Հայաստանի 2010 թվականի գավաթակիր «Փյունիկի» հանդիպումը: Հաշիվը բացեցին Գյումրու ֆուտբոլիստները` ի դեմս Անդրանիկ Բարիկյանի: «Փյունիկին» հաջողվեց խաղի վերջում հավասարեցնել հաշիվը. թիմի կապիտան Սարգիս Հովսեփյանի շնորհիվ հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 1:1:
Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 14-ին: Իսկ մարտի 11-ին 1/4 եզրափակչում իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն «Միկան» և «Իմպուլսը»: