11 մարտի 2011 - 13:33 AMT
Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովն ավարտել է Հրանտ Դինքի սպանության մասին զեկույցի նախապատրաստումը

Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովն ավարտել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի մասին զեկույցի նախապատրաստումը: Զեկույցն ուղղվել է Տրապիզոնի դատախազություն, քանի որ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամաստը ծնունդով այդ քաղաքից է: Դատավարության ընթացքում հայտնի է դարձել, որ Տրապիզոնի ոստիկանությունն ու ժանդարմները գիտեին պատրաստվող սպանության մասին, բայց չկանխեցին այն: Ինչպես հիշեցնում է թուրքական Zaman թերթը, մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովը Հրանտ Դինքի սպանության հետաքննությամբ է սկսել զբաղվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ:

2011 թվականի մարտի 9-ին Եվրախորհրդարանը Թուրքիայի վերաբերյալ զեկույց ընդունեց, որում իշխանություններից պահանջեց չխոչընդոտել հետաքննությանն ու գտնել հայ լրագրողի սպանության իրական մեղավորներին: