11 մարտի 2011 - 13:34 AMT
Մարտի վերջին Երևանում պաշտոնապես կբացվի Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը

Մարտի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում

Շվեյցարիայի նորանշանակ դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Օբոլենսկուն՝ Հայաստանում բարեկամ Շվեյցարիայի առաջին ռեզիդենտ դեսպան նշանակվելու եւ Երեւանում Շվեյցարիայի դեսպանության հիմնադրման կապակցությամբ, Էդվարդ Նալբանդյանն ասաց. «hայ-շվեյցարական բարեկամությունն ունի երկարամյա պատմություն, հաճախ է խոսվում մեր երկրների միջեւ աշխարհագրական եւ պատմական ընդհանրությունների մասին: Այսօր գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ երկու երկրների միջեւ վերջին տարիներին հաստատվել են բարձր մակարդակի հարաբերություններ, սերտ քաղաքական երկխոսություն, իսկ Երեւանում դեսպանության հիմնադրումը նոր հնարավորություններ կբացի երկկողմ համագործակցության առավել զարգացման համար:» Դեսպան Օբոլենսկին շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի եւ բարեմաղթանքների համար՝ վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկկողմ հարաբերությունները առավել ամրապնդելու եւ ընդլայնելու համար:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Օբոլենսկին անդրադարձան ՀՀ նախագահի հրավերով Շվեյցարիայի Համադաշնության նախագահի մարտի վերջին Երեւան կատարելիք պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքներին, որի ընթացքում պաշտոնապես կբացվի Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, զրուցակիցները հանգամանալից քննարկեցին տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ: