11 մարտի 2011 - 13:48 AMT
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք չէ ուշադրություն դարձնել Թուրքիայի և Ադրբեջանի խիզախ «ջիգիթների» հայտարարություններին

«Քամիների միություն» թուրքական ստորաբաժանման հայտարարությունը նոր ղարաբաղյան պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին Թուրքիայում ադրբեջանական լոբբիի գործունեության հետևանք է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Ռազմավարական մշակումների կենտրոնի տնօրեն Հրանտ Մելիք Շահնազարյանը: Նրա խոսքերով, վերջին ժամանակները պաշտոնական Բաքուն ավելի ու ավելի հաճախ դժգոհում է Թուրքիայի քաղաքականությունից: «Անցյալ տարի Ալիևների կլանին համարյա հաջողվեց ձախողել հայ-թուրքական հաշտեցման գործընթացը: Հիմա Ադրբեջանի իշխանությունները ձգտում են ապացուցել Թուրքիայի իշխանություններին, որ այդ երկրի հասարակությունը լիովին պաշտպանում է Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի և ԼՂՀ վերաբերյալ: Ուստի չեմ զարմանա, եթե առաջիկայում թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ները համալրվեն նման բնույթի հայտարարություններով»,- ասել է նա:

Միաժամանակ, հայ փորձագետը նշել է, որ պետք չէ ուշադրություն դարձնել Թուրքիայի և Ադրբեջանի քաջարի «ջիգիթների» հայտարարություններին: «Իհարկե, Արցախում պատերազմի վերսկսման դեպքում իր ուժերի մեջ անվստահ ադրբեջանական բանակը կրկին կներգրավի արտասահմանյան վարձու զինվորների, այդ թվում` տարբեր իսլամական ահաբեկչական կազմակերպություններից: Բայց, ինչպես մեզ արդեն հաջողվեց համոզվել անցած ղարաբաղյան պատերազմի ընթացքում, ադրբեջանական բանակի վարձու զինվորներին, ինչպես նաև ադրբեջանական ասկյարներին տխուր ճակատագիր է սպասում»,- ասել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը: