Մարտի 10-ին Երևանում Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ վիրտուոզ ակորդեոնահար (բանդոնեոն) Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի համերգը: Նվագախումբը ղեկավարում էր աշխարհահռչակ իտալացի դիրիժոր և կոմպոզիտոր Ռոբերտո Մոլինելին: Համերգի ընթացքում կայացան Ռոբերտո Մոլինելիի և Անտոնելա Բարբարոսայի բոլորովին նոր ստեղծագործությունների պրեմիերաները:
Իր երաժշտական ստեղծագործության պրեմիերայի հետ կապված` Մոլինելին ասաց, որ շատ ուրախ էր Հայաստանի երիտասարդական նվագախումբը ղեկավարելու համար. «Նրանք հիանալի են և աշխատելու մեծ ցանկություն ունեն: Ես ստեղծում եմ ստեղծագործության 50 տոկոսը, իսկ մնացած 50 տոկոսը ստեղծում են երաժիշտները: Շատ ուրախ եմ, որ երիտասարդական նվագախումբը կարողացավ հիանալի կատարել այդ ստեղծագործությունը»:
Երևանում Պիետրոդարկիի համերգը նվիրված էր Աստոր Պիացոլայի 90-ամյակին: Համերգին հնչեցին Էնիո Մորիկոնեի, Նինո Ռոտայի, Ռոբերտո Մոլինելիի, Անտոնելա Բարբարոսայի և Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները:
Դա Պիետրոդարկիի 4-րդ համերգն էր Հայաստանում և երկրորդ համատեղ աշխատանքը Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի հետ: