11 մարտի 2011 - 19:40 AMT
Հայաստանի նախագահը ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է զգոն լինել

Հայաստանը պետք է պատրաստ լինի նախանշված բարեփոխումների իրականացման ակտիվ փուլի թևակոխմանը, որքան էլ դա ցավոտ լինի, մարտի 11-ին հրավիրված տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Մասնավորապես, դա վերաբերում է Հայաստանի հարկային-մաքսային համակարգում բարեփոխումներին, այդ նպատակով պետության ղեկավարն անհրաժեշտ է համարել փորձագետների ներգրավումը:

Իսկ ինչ վերաբերում է հայ գործարարներին աջակցությանը, ապա այդ կապակցությամբ Սերժ Սարգսյանը Հայաստանի էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է զգոն լինել, «զբաղվել խիստ կոնկրետ գործերով, ակտիվ լինել և միշտ գործարարի կողքին կանգնել»: ՀՀ նախագահն ընդգծել է, որ 9 տոկոսանոց աճն արդյունաբերությունում քիչ է, որովհետև հիմքը ցածր էր: «Մենք այս տարի պետք է ունենանք շատ լուրջ արդյունքներ»,- ընդգծել է նա: