12 մարտի 2011 - 12:15 AMT
Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կբացվի «Հենրիկ Նիկոյան. Տեսիլքներ» ցուցահանդեսը

Մարտի 13-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում կբացվի «Հենրիկ Նիկոյան. Տեսիլքներ» ցուցահանդեսը: Արվեստագետի բազմաժանր ստեղծագործական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում գեղարվեստական ապակեգործության աշխատանքները, որոնք նորովի են բացահայտում Նիկոյան-արվեստագետի հարուստ ներաշխարհը, հայտնում է Գաֆեսճյան կենտրոնի մամլո ծառայությունը:

Հենրիկ Նիկոյանի «Տեսիլքներ» ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունները, շիկացած ապակու գունային ներդաշնակ ծավալների մեջ մարմնավորելով դիզայների տեսիլային պատկերների աշխարհը, անգնահատելի ներդրում են Հայաստանի դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառում:

Ցուցասրահը բաց կլինի մարտի 13-ին, ժ. 10.00-ից: Այդ օրը ցուցասրահի մուտքը լինելու է անվճար:

Ինդուստրիալ դիզայներ, ապակեգործ և նկարիչ Հենրիկ Նիկոյանը ծնվել է 1936թ. մայիսի 17-ին Գյումրիում: Արվեստի առաջին դասերը նա ստացել է ծննդավայրում` Գյումրիի գեղարվեստի դպրոցում, հմուտ մանկավարժ-արվեստագետներ Հ. Անանիկյանի և Շ. Սարգսյանի մոտ: 1956թ. ընդունվում է Լենինգրադի Մուխինայի անվան բարձրագույն գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանի գեղարվեստական ապակեգործության և խեցեգործության բաժին: Ավարտելով ուսումը` Հենրիկ Նիկոյանը վերադառնում է Հայաստան և իր մասնագիտական գործունեությունը ծավալում ինդուստրիալ դիզայնի բնագավառումª որպես դիզայներ և մանկավարժ: