14 մարտի 2011 - 15:25 AMT
Hurriyet. 2010-ին պաշտոնական Անկարան ծախսել է ավելի քան 3 մլն դոլար ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևը տապալելու համար

Թուրքիայի արդարադատության նախարարության կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն, 2010-ին թուրքական կառավարությունը ծախսել է ավելի քան 3 միլիոն դոլար ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևը տապալելու համար: Ինչպես գրում է Hurriyet թերթը, անցյալ տարի ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան միջոցով թուրքական լոբբիստական կազմակերպություններին հանձնվել են այդ ֆինանսական միջոցները Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ չտալու համար:

Թերթի տեղեկատվության համաձայն, երեքմիլիոնանոց բյուջեի առյուծի բաժինը հասել է նախկին կոնգրեսական Ռիչարդ Գեպարտի լոբբիստական խմբին, որը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և ԱՄՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` կոչ անելով խոչընդոտել Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը:

Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի քվերարկությունը 2010-ի դեկտեմբերի 23-ին արգելափակվել է նախկին խոսնակ Նենսի Փելոսիի կողմից, որը ներկայացնում է դեմոկրատներին:

112-րդ Կոնգրեսն իր աշխատանքը սկսել է հունվարի 5-ին: Այն աշխատելու է 2 տարի: Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն են կազմում հանրապետականները: