14 մարտի 2011 - 19:39 AMT
Վանաձորում կայացավ Բրիտանական ֆիլմերի փառատոնը

2011 թ. մարտի 10-ին, 11-ին և 12-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայացավ Բրիտանական ֆիլմերի 9-րդ փառատոնը:

Փառատոնի ժամանակ ներկայացվեցին բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն և հիշարժան աշխատանքները: Փառատոնի շրջանակներում վանաձորցիները հնարավորություն ունեցան դիտելու «Արբոր», «Վարդագույն սարիներ» և «Ժողովրդի թշնամիներ» ֆիլմերը:

«Արբոր»-ը բրեդֆորդցի դրամատուրգ Անդրեա Դանբարի ու նրա դուստր Լոռեյնի լարված հարաբերությունների իրական ու տպավորիչ պատմության մասին է: Ֆիլմի ռեժիսորն է Քլին Բարնարդը:

«Վարդագույն սարիներ»-ը կանանց դաժան կյանքի մասին է: «Աղջկա կյանքը դաժան է… Կնոջ կյանքը` շատ դաժան»,- այսպես է ներկայացնում Սամփաթ Փալը` ֆիլմի գլխավոր հերոսուհին:

Փառատոնի վերջին ֆիլմը` «Ժողովրդի թշնամիները», լրագրողի մասին է, որի ընտանիքին սպանել են Կարմիր կհմերները: Լրագրողից մեկ տասնամյակ է պահանջվում հանցագործների հետ մտերմանալու համար և նոր տվյալներ ձեռք բերում մարդասպաններից:

Փառատոնը հնարավորություն է տալիս բրիտանական ֆիլմերը հասանելի դարձնել հատկապես երիտասարդներին` այսպիսով նրանց ներկայացնելով ժամանակակից Բրիտանիան: Ֆիլմերը մեծ հետաքրքրություն են առաջացրել հատկապես երիտասարդների շրջանում, ովքեր մեծ ակտիվությամբ մասնակցում էին ֆիլմերի ցուցադրությանը, հաղորդում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: