15 մարտի 2011 - 16:47 AMT
Սերժ Սարգսյան. Հայաստանը շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Հարավային Ամերիկայի բոլոր երկրների, այդ թվում` Պարագվայի հետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պարագվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարսիալ Բոբադիլյա Գիլյենը (նստավայրը` Մոսկվա):

Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ լինելով Հայաստանում Պարագվայի առաջին դեսպանը, պարոն Մարսիալ Բոբադիլյա Գիլյենն իր գործունեությամբ կնպաստի հայ-պարագվայական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ձևավորմանը: Այդ ամենի համար, Հանրապետության ղեկավարն առաջին հերթին կարևորել է արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի հաստատումը, անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումն ու երկու երկրների, նրանց տնտեսությունների և փոխգործակցության ներուժի մասին համապարփակ տեղեկատվության փոխանակումը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնել իր հարաբերությունները Հարավային Ամերիկայի բոլոր պետությունների, այդ թվում` Պարագվայի հետ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Դեսպան Մարսիալ Բոբադիլյա Գիլյենը և նախագահ Սարգսյանը կարևորել են նաև միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությունը: