15 մարտի 2011 - 21:49 AMT
Իրանը խոստանում է բենզինի հուսալի արտահանող դառնալ, այդ թվում դեպի Հայաստան

Իրանի նավթամթերքի բաշխման ազգային ընկերության գլխավոր տնօրեն Ֆարիդ Ամերի հայտարարել է, որ նպատակային սուբսիդիաների հատկացման հետ մեկտեղ նավթամթերքի սպառման ոլորտում խնայած գումարը կազմել է 1,8 մլրդ դոլար, և գալիք տարում Իրանը բենզինի հուսալի արտահանող կդառնա, հաղորդում է «ԻՐԻԲ նյուզը»:

Երևանը և Թեհրանը փետրվարի 12-ին պայմանավորվածության են հանգել Հայաստանին 1.5 լիտր բենզին և դիզելային վառելիք տրամադրելու մասին: «Ըստ համաձայնագրի, Իրանն ամեն օր Երևան է արտահանելու 750 հազար լիտր բենզին և 750 հազար դիզվառելիք»,- հայտնել է Իրանի նավթարդյունաբերության նախարարի տեղակալ Ալիրեզ Զեյգամին Թեհրանում ՀՀ բնապահպանության նախարար Արմեն Մովսիսյանի հետ հանդիպման ժամանակ:

Հայաստանը և Իրանը մտադիր են մինչև 2014-ը կառուցել 8 դյույմ լայնությամբ 365 կմ-անոց նավթատար: Այդ ծրագրի շուրջ պայմանավորվածության կողմերը հանգել են հունվարին Ալիրեզ Զեյգամիի՝ Երևան կատարած այցի շրջանակներում: Բացի դրանից, կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնումը էներգետիկ և գազային ոլորտներում: