16 մարտի 2011 - 13:03 AMT
«Ժառանգությանը» թույլ չեն տվել Ազատության հրապարակում վրան խփել հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի համար

«Ժառանգություն» կուսակցությանը թույլ չեն տվել Ազատության հրապարակում վրան խփել հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքերով, ոստիկանության աշխատողների հետ միջադեպ է տեղի ունեցել մարտի լույս 16-ի գիշերվա ժամը 3-4-ի հատվածում: Սաֆարյանի խոսքերով, ոստիկանությունն իր գործողությունները հիմնավորել է նրանով, որ Ազատության հրապարակը «մանկական հրապարակ է և այն միայն երեխաների համար է»:

Սաֆարյանը հաղորդել է, որ «Ժառանգության» ներկայացուցիչներն արդեն դիմել են միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԿԽՄԿ երևանյան գրասենյակ` տեղեկացնելով Հովհաննիսյանի հացադուլի մասին և խնդրելով կուսակցության առաջնորդի համար ապահովել անհրաժեշտ հումանիտար պայմաններ, եթե հայկական իշխանությունները դա չանեն:

Ինչ վերաբերվում է Հովհաննիսյանի առողջական վիճակին, ապա, ինչպես նշել է Սաֆարյանը, բժիշկները դեռ չեն այցելել «Ժառանգության» առաջնորդին: «Բայց դեռևս առողջական վիճակը վտանգ չի հարուցում»,- ասել է Սաֆարյանը: Նա հույս է հայտնել, որ Հայաստանում կգտնվի Հիպոկրատի երդմանը հավատարիմ թեկուզ մեկ բժիշկ, որը կայցելի Րաֆֆի Հովհաննիսյանին: