Կինոյի հայ գործիչների՝ Ռուբեն Մամուլյանի ու Անրի Վերնոյի անվանական աստղերի արույրե հատվածները գողացվել են անհայտ անձանց կողմից, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը: Ըստ նրա, 3-4 օր առաջ անհայտ անձիք պոկել են Աստղերի պատի վրա տեղադրված աստղերի ճառագայթները, հավանաբար բարբարոսներին չի հաջողվել պոկել տառերը, կամ դրանք փոքր են եղել և հետաքրքրություն չեն ներկայացրել նրանց համար:
Մինչ այդ կազմակերպիչները հանել էին Սերգեյ Փարաջանովի ու Համո Բեկնազարյանի աստղերը՝ դրանք ամրացնելու նպատակով: Փառատոնի կազմակերպիչները ոստիկանություն չեն դիմել, թեև սա առաջին դեպքը չէ:
«Մոսկվա» կինոթատրոնի մոտ գտնվող Աստղերի պատը բացվել է 2010թ. հուլիսի 12-ին: Առաջին աստղերը պատկանում են հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանին, կինոռեժիսորներ Ռուբեն Մամուլյանին, Սերգեյ Փարաջանովին ու Անրի Վերնոյին: