17 մարտի 2011 - 17:25 AMT
Հայկական կողմում գտնվող միակ ադրբեջանցի ռազմագերին չի ցանկանում վերադառնալ հայրենիք

Հայկական կողմի մոտ գտնվող միակ ադրբեջանցի ռազմագերին հոգեբանորեն պատրաստ չէ վերադառնալ հայրենիք, թեև հայկական կողմը պատրաստ է նրան վերադարձնել, լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը` չանվանելով ռազմագերու անունը:

Նրա խոսքերով, Հայաստանն, իր հերթին, սպասում է, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիները հնարավորինս շուտ վերադարձվելու են: Պաշտոնական տվյալների համաձայն, ադրբեջանական գերության մեջ են գտնվում Հայաստանի 11 քաղաքացիներ` 6 զինծառայող և 5 քաղաքացիական անձ:

Մարտի 5-ին Սոչիում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջև Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մարտի 17-ին տեղական ժամանակով ժամը 14.58 -ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի Բաշ Քարվենդ գյուղի մոտակա հատվածում ղարաբաղյան կողմը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի և Երևանի գրասենյակների օժանդակությամբ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին է հանձնել ԼՂՀ տարածքում գերի վերցված ադրբեջանական բանակի սերժանտ Անվար Հաջիևին, ասվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Միաժամանակ հայկական կողմին է հանձնվել Հայաստանի Տավուշի շրջանի Հաղարծին գյուղի բնակիչ, 1978 թ. ծնվ. Արթուր Բադալյանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները ըստ ամենայնի օժանդակել են գերիների փոխանակման գործընթացին: