17 մարտի 2011 - 17:50 AMT
Տիգրան Սարգսյան. Հայաստանին մտահոգում է ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման հարցը

Բելգիայում ընթացող եռօրյա այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին կապերի կոմիտեում, պատասխանել է նրա անդամների հարցերին: Ինչպես ասվում է կառավարության մամլո հաղորդագրության մեջ, շատերին մտահոգում է այն է, թե ինչպիսին է մեր վերաբերմունքը ատոմակայանի փակմանն ու նորի կառուցմանը։ Հատկապես Ճապոնիայի իրադարձություններն այս խնդիրը դարձրեցին խիստ արդիական և բոլոր երկրները, որտեղ կան ատոմակայաններ, այսօր բուռն քննարկումներ են ծավալում։

Հայստանը համագործակցում է բոլոր միջազգային կազմակերպությունների հետ, որոնք պատասխանատու են էներգետիկայի բնագավառում անվտանգության համար։ Բաց և թափանցիկ է մեր համագործակցությունը։ «Մի կողմից` իրականացնում ենք անվտանգության կանոնների ապահովման հստակ միջոցառումների ծրագիր, մյուս կողմից` ստանում ենք օժանդակություն, այդ թվում` նաև ԵՄ-ից` բարձրացնելու ատոմակայանի անվտանգությունը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ամբիոնից այդ օժանդակության համար և հավաստիացնել ձեզ, որ, բնականաբար, ինչպես բոլոր երկրներում, այդ թվում` նաև Հայաստանում մենք ևս մեկ անգամ լուրջ քննության կենթարկենք մեր` Մեծամորի ատոմակայանի անվտանգության խնդիրները»,-ասել է վարչապետը։