18 մարտի 2011 - 14:15 AMT
ՀՀ ԱԳ նախարար. Եվրամիությունը դրական գնահատական տվեց Հայաստանի եւ ԵՄ միջեւ համագործակցությանը

Հայաստան-Եվրամիությունզարգացող հարաբերությունների ամենաթարմ օրինակը՝ Հայաստանի վարչապետի այցելությունն է Բրյուսել, երբ Եվրամիության կողմից ամենաբարձր մակարդակով դրական գնահատական տրվեց Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համագործակցությանը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳՆ ղեկավար Աուդրոնյուս Աժուբալիսի հետ համատեղ մամլո ասուլիսում:

«Ես ձեզ եւս մի օրինակ էլ բերեմ. վերջերս, երբ Վիշեգրադ+ հանդիպմանն էի Բրատիսլավայում եւ այնտեղ քննարկվում էր Արեւելյան Գործընկերության ձեւաչափով համագործակցությունը, եւ տարբեր երկրներ ներկայացնում էին բանակցությունների գործընթացները Եվրամիության եւ իրենց երկրների միջեւ, երկրներից մեկը, որը զգալի առաջընթաց էր արձանագրել, հայտարարեց, որ իրենք բանակցությունների ընթացքում արդեն փակել են քննարկվող հարցերի ութ գլուխ: Երբ հերթը հասավ ինձ, ես համեստորեն ասացի, որ մենք էլ վատ չենք ընթանում եւ մենք փակել ենք տասներեքը»,-ասել է արտգործնախարարը: