18 մարտի 2011 - 15:04 AMT
«HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ-ում գտնում են, որ տոկոսադրույքների զգալի աճ Հայաստանում չի լինի

Հայաստանի ԿԲ-ի կողմից դրամավարկային քաղաքականության խստացումը չի հանգեցնի արտարժութային տոկոսադրույքների աճի, գտնում են «HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: «Վարկավորումը Հայաստանի տնտեսության մեջ հիմնականում իրականացվում է իրավաբանական անձանց շրջանում և արտարժույթով է արտահայտված, ուստի մենք ընդհանուր առմամբ տոկոսադրույքների մեծ աճ չենք ակնկալում»,-ասել է բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Նա նշել է, որ բարձր գնաճ է գրանցվել երկրում՝ հավելելով, որ ԿԲ-ն ճիշտ քաղաքականություն է վարում դրամավարկային քաղաքականության խստացման ուղղությամբ:

2011թ. փետրվարին Հայաստանում գրանցվել է 1,9 տոկոս գնաճ, որի արդյունքում 12-ամսյա կտրվածքով սղաճը կազմել է 12,4 տոկոս:

Անդրադառնալով վերաֆինանսավորման տոկոսադրույքների բարձրացմանը՝ Սեյլանյանը չի բացառել դրամով տոկոսադրույքների աճի միտումները: