18 մարտի 2011 - 17:20 AMT
Ալեքսանդր Արզումանյանը չկարողացավ բացատրել, թե ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը չմոտեցավ Րաֆֆի Հովհաննիսյանին

Հայաստանի նախկին արտգործնախարար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Ալեքսանդր Արզումանյանը չկարողացավ բացատրել, թե ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը չմոտեցավ Րաֆֆի Հովհաննիսյանին, որը հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: Արզումանյանը հայտնել է, որ ինքը` որպես քաղաքացի ողջունում է Րաֆֆի Հովհաննիսյանի ակցիան և ամեն օր այցելում է նրան:

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Դավթյանն իր հերթին հայտնել է, որ չի այցելել ու չի էլ պատրաստվում այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին: Նրա խոսքով, իրեն հասկանալի չեն Րաֆֆի Հովհաննիսյանի ակնկալիքները:

Մարտի 17-ին` Մատենադարանի հարակից տարածքում կայացավ հայկական ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքը: Ավելի ուշ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց շարժվել դեպի Ազատության հրապարակ: Ամբոխը ոգևորությամբ արձագանքեց դեպի ոստիկանությամբ օղակված Ազատության հրապարակ շարժվելու` ընդդիմության առաջնորդների կոչին: Ոստիկանությունը Զուրաբյանի և ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանի միջև բանակցություններից հետո թույլ է տվել ցուցարարներին մտնել հրապարակ: 20:25-ին Ազատության հրապարակում, չնայած էլեկտրականության բացակայությանը, մեկնարկեց հայկական ընդդիմության հանրահավաքը: Սակայն ոչ հանրահավաքից առաջ, ոչ էլ հետո ՀԱԿ առաջնորդները չմոտեցան «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, որը մարտի 15-ից անժամկետ հացադուլ է հայտարարել: Հանրահավաքից հետո որոշ մասնակիցներ հրապարակում մնացին` իրենց աջակցությունը հայտնելով Րաֆֆի Հովհաննիսյանին: