19 մարտի 2011 - 13:31 AMT
Ազատության հրապարակ մուտք գործելու թույլտվությունը իշխանությունների բարի կամքի դրսևորում էր, գտնում է հայ պատգամավորը

Այն, որ ոստիկանությունը թույլ տվեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքի մասնակիցներին մուտք գործել Ազատության հրապարակ, իշխանությունների բարի կամքի դրսևորում էր: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը: «Այն փաստը, որ մի շարք եվրոպացի պաշտոնյաներ Երևանում էին հանրահավաքի օրը, ամենևին չի ազդել իշխանությունների գործողությունների վրա»,-ասել է պատգամավորը:

Մեկնաբանելով ՀԱԿ-ի գործողությունները՝ Մինասյանը հայտարարել է, որ ծայրահեղական պահանջներն ու վերջնագրերն անընդունելի են: «Ես նախկինում ևս ասել եմ, որ մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿ-ի ներկայացրած պահանջները ես վերջնագիր եմ համարում»,-ասել է նա՝ հավելելով, որ ՀԱԿ-ի վերջին՝ մարտի 17-ի հանրահավաքում նկատելի էր ընդդիմության մտադրությունների ընդհանուր մթնոլորտի որոշ փոփոխություն:

Մարտի 17-ին` Մատենադարանի հարակից տարածքում կայացավ հայկական ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքը: Ավելի ուշ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց շարժվել դեպի Ազատության հրապարակ: Ամբոխը ոգևորությամբ արձագանքեց դեպի ոստիկանությամբ օղակված Ազատության հրապարակ շարժվելու` ընդդիմության առաջնորդների կոչին: Ոստիկանությունը Զուրաբյանի և ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանի միջև բանակցություններից հետո թույլ է տվել ցուցարարներին մտնել հրապարակ: 20:25-ին Ազատության հրապարակում, չնայած էլեկտրականության բացակայությանը, մեկնարկեց հայկական ընդդիմության հանրահավաքը: Սակայն ոչ հանրահավաքից առաջ, ոչ էլ հետո ՀԱԿ առաջնորդները չմոտեցան «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, որը մարտի 15-ից անժամկետ հացադուլ է հայտարարել: Հանրահավաքից հետո որոշ մասնակիցներ հրապարակում մնացին` իրենց աջակցությունը հայտնելով Րաֆֆի Հովհաննիսյանին: