Գերմանական TUV RHEINLAND GROUP միջազգային հեղինակավոր ընկերության կողմից Ամերիաբանկին դեռևս 2009թ. ապրիլ ամսին շնորհվել է ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանության վկայական: Արդեն երկրորդ անգամ նշված կազմակերպության կողմից Ամերիաբանկում կատարվեց հերթական տարեկան աուդիտ` ստուգելու Բանկի գործունեության համապատասխանությունը Որակի կառավարման նշված ստանդարտին:
TUV RHEINLAND GROUP-ի ներկայացուցիչը բարձր գնահատեց 2010 թվականին Բանկի կողմից իրականացրած ծրագրերը` ուղղված Որակի կառավարման համակարգի կատարելագործմանը և զարգացմանը, և վերահաստատվեց Բանկին շնորհած ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանության վկայականը:
Անցած մեկ տարվա ընթացքում մասնավորապես բարելավվել են ռիսկերի կառավարման համակարգը, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգը, աշխատակիցների գործունեության արդյունավետության գնահատման համակարգը, մշակվել են մի շարք գործընթացներ նոր բանկային ծառայությունների ներդրման ուղղությամբ: Ընդհանուր առմամբ իրականացվել է գործող գործընթացների շուրջ 80 բարելավում:
Բանկի թիմին միացած նոր գործընկերների համար կազմակերպվել են ճանաչողական սեմինար հանդիպումներ` ուղղված որակի կառավարման համակարգի և մշակույթի տարածմանը:
Նշենք, որ Բանկը չի սահմանափակվում ISO 9001:2008 ստանդարտով պահանջվող նվազագույն միջոցառումների իրականացմամբ, այլ իր գործունեության մեջ կիրառում է այնպիսի մեթոդներ և ներդնում այնպիսի գործիքներ, որոնք հնարավորություն են ընձեռում անշեղորեն իրականացնել Բանկի ռազմավարությամբ ամրագրված նպատակները, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: