21 մարտի 2011 - 14:01 AMT
ՀՀ ԱԳՆ. Խորվաթիայի նախագահի այցը Հայաստան նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը

Մարտի 21-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Խորվաթիայի խորհրդարանի նախագահ Լուկա Բիբիչի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում հարաբերությունները Խորվաթիայի հետ եւ շահագրգիռ է տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու մեջ:

Կողմերը նշեցին, որ 2009-ին Հայաստանի եւ Խորվաթիայի նախագահների փոխայցելություններից հետո երկու պետությունների միջեւ համագործակցությունը նշանակալի կերպով սերտացել է: Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ հարաբերությունների զարգացմանը նոր թափ կհաղորդի 2011-ին սպասվող՝ Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչի այցը Հայաստան:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս խորհրդարանական դիվանագիտությանը եւ Խորվաթիայի խորհրդարանի ղեկավարի այցը նոր լիցք կհաղորդի միջխորհրդարանական համագործակցությանը: Զրուցակիցներն ընդգծեցին, որ խորհրդարանների միջեւ կապերը ոչ միայն դրական նշանակություն ունեն երկկողմ հարաբերությունների, այլեւ միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցության տեսանկյունից, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, ինչպես նաեւ առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցությանն առնչվող հարցերին:

Էդվարդ Նալբանդյանն ու Լուկա Բիբիչը մտքեր փոխանակեցին ԵՄ հետ համագործակցության, միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ: Խորվաթիայի խորհրդարանի նախագահի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: