21 մարտի 2011 - 14:33 AMT
Հայաստանի խորհրդարանում կքննարկեն հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի հարցը

Հայաստանի ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը կոչ է արել խորհրդարանի իր գործընկերներին այսօր քննարկել հացադուլ հայտարարծ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հարցը: «Ես առաջարկում եմ անկախ պատգամավորներին և խմբակցություններին խորհրդակցություն հրավիրել հացադուլի հարցը քննարկելու համար: Մենք պետք է կոչ անենք դադարեցնել հացադուլը»,- ասել է ՀՀ ԱԺ պատգամավորը:

Նա նաև նշել է, որ եթե պատգամավորներին չհաջողվի համոզել Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը, ապա հայ խորհրդարանականները պետք է գոնե այցելեն նրան: Դալլաքյանի կարծիքով, դա մարդասիրական քայլ կլինի պատգամավորների կողմից:

Մարտի 21-ին Հայաստանի խորհրդարանը քննարկելու է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», ինչպես նաև «Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը: