21 մարտի 2011 - 14:45 AMT
Հայ խորհրդարանականները չկարողացան քննարկել հացադուլի հարցը Հեղինե Բիշարյանի բացակայության պատճառով

Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի մոտ նախատեսված խորհրդակցությունը ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի առիթով չի կայացել «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի բացակայության պատճառով: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի խորհրդարանական թղթակիցը, խորհրդակցությունը կկայանա այն ժամանակ, երբ բոլոր խմբակցությունների ղեկավարները կկարողանան մասնակցել դրան:

Հայաստանի ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը կոչ է արել խորհրդարանի իր գործընկերներին այսօր քննարկել հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի հարցը: «Ես առաջարկում եմ անկախ պատգամավորներին և խմբակցություններին խորհրդակցություն հրավիրել հացադուլի հարցը քննարկելու համար: Մենք պետք է կոչ անենք դադարեցնել հացադուլը»,- ասել է ՀՀ ԱԺ պատգամավորը:

Նա նաև նշել է, որ եթե պատգամավորներին չհաջողվի համոզել Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը, ապա հայ խորհրդարանականները պետք է գոնե այցելեն նրան: Դալլաքյանի կարծիքով, դա մարդասիրական քայլ կլինի պատգամավորների կողմից: