21 մարտի 2011 - 15:17 AMT
Կարեն Գիլոյանը գտնում է, որ հայ ֆուտբոլիստները հաղթելու շանս ունեն Ռուսաստանի հետ խաղում

«Ռուսաստանի հավաքականի կազմում բարձրակարգ ֆուտբոլիստներ են խաղում, սակայն եթե նրանք այնպիսի ֆուտբոլ ցույց տան, ինչպես Իրանի հետ խաղում, ապա Հայաստանի հավաքականը կկարողանա հաղթել նրանց»,-մարտի 21-ին Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ ասել է մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը: Հայաստան-Ռուսաստան խաղը տեղի կունենա մարտի 26-ին Երևանում Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում:

Գիլոյանը նշել է նաև, որ Հայաստանի հավաքականը լավ է խաղում տանը, բացի այդ, այս տարի երկրի առաջնությունն ու գավաթը մեկնարկել են սովորականից ավելի շուտ և ֆուտբոլիստները հասցրել են փորձ ձեռք բերել: «Մեր այն ֆուտբոլիստները, որոնք այլ առաջնությունների են մասնակցում, ավելի լավ մարզավիճակում են: Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում արդեն գոլ է խփել, Մխիթարյանը դարձել է «Շախտյորի» հիմնական խաղացող և շատ լավ է խաղում: Հայրապետյանը լավ է դրսևորել իրեն «Լեխիայի» կազմում»,-ասել է Գիլոյանը:

Հաղթանակի շանսերը Գիլոյանը գնահատել է 50/50՝ հավելելով, որ հայ ֆուտբոլիստները նաև լավ հոգեբանական վիճակում են: Մարզական մեկնաբանը նշել է, որ Վարդան Մինասյանը լավ է նախապատրաստում ֆուտբոլիստներին ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեբանորեն: