Մարտի 26-ին Գլենդեյլում (Կալիֆորնիա)` Սիլվանա պատկերասրահում կբացվի քսիլոգրաֆ Նաիրի Սաֆարյանի և նրա դստեր` Լարիսա Սաֆարյանի անհատական ցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է Woodcraft Blog-ը, ցուցահանդեսում կներկայացվեն Նաիրի Սաֆարյանի փայտի վրա կատարված փորագրությունները, ինչպես նաև Լարիսա Սաֆարյանի` ձվի կեղևից կատարված աշխատանքները:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 15-ը:
Քսիլոգրաֆիան (հուն. քսիլոս – փայտ և գրաֆոս – գրում եմ) փայտի փորագրությունն է, փորագրության ամենատարածված տեսակներից մեկը: Տպագիր փևը (կլիշե) կատարվում է ձեռքի փորագրությամբ: Քսիլոգրաֆիայում պատկերը տպվում է փայտի` պատկերի ուրվագծերի միջև ներկով ծածկված հարթ մակերևույթից: Քսիլոգրաֆիայի մեթոդով պատրաստված ձևերը մինչև 15 հազ. անգամ կարող են վերատպվել: Քսիլոգրաֆիական տախտակների մեծ տպաքանակի համար պատրաստվում է գալվանոկլիշե: Հանդիսանալով փորագրության հնագույն տեսակը` քսիլոգրաֆիան հնուց ի վեր ծառայել է ինչպես տպագիր գրքերի նկարազարդման, այնպես էլ էստամպների ստեղծման համար: 19-րդ դարում լայնորեն կիրառվել է գրքերում և ամսագրերում նկարազարդումների տպագրության և գեղանկարչության վերատպությունների համար:
20-րդ դարում քսիլոգրաֆիան պահպանել է իր նշանակությունը բացառապես որպես գեղարվեստական` հաստոցային և գրքային փորագրությունների ստեղծման տեխնիկա: