21 մարտի 2011 - 17:42 AMT
Հայաստանը կարևորում է խորվաթական կողմի նախաձեռնությունը եվրաինտեգրման գործընթացի շրջանակներում

Մարտի 21-ին սկսվեց Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի եւ Խորվաթիայի խորհրդարանների նախագահների հանդիպմանը հաջորդեցին բանակցություններն ընդլայնված կազմով:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ հարաբերությունների խորացումը բոլոր ուղղություններով: Նա վստահություն հայտնեց, որ Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչի` այս տարվա նոյեմբերին Հայաստան նախատեսված այցը լուրջ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերություների ընդլայնման համար: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում եւ մասնավորապես հակամարտությունների կարգավորման գործընթացում: «Կարծում եմ, որ Խորվաթիայի խորհրդարանում 2010 թ. հուլիսին ձևավորված Խորվաթիա-Հայաստան և 2009 թ. փետրվարին Հայաստանի Ազգային ժողովում ստեղծված բարեկամության միջխորհրդարանական խմբերը նույնպես կարևոր դերակատարություն կունենան միջխորհրդարանական երկխոսության խթանման գործում: Հովիկ Աբրահամյանն կարեւորեց երկու երկրների միջև քաղաքական երկխոսության շարունակական բնույթը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս Խորվաթիայի հետ համագործակցության հնարավորությանը ԵՄ նախաձեռնությունների` Արևելյան գործընկերության և Սևծովյան համադաշնեցում ծրագրերի շրջանակներում: «Այս համատեքստում մենք կարևորում ենք ընթացիկ տարվա փետրվարին հնչեցված` խորվաթական կողմի նախաձեռնությունը եվրաինտեգրման գործընթացի շրջանակներում երկու երկրների միջև համագործակցության արձանագրության ստորագրման վերաբերյալ,- ասաց Հովիկ Աբրահամյանը:- Հայկական կողմը սկզբունքորեն համաձայն է ներկայացված փաստաթղթի դրույթներին եւ ստորագրման հնարավորությանը կանդրադառնա մոտակա ժամկետներում», հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: