22 մարտի 2011 - 11:44 AMT
Երևանը կմիանա խտրականության դեմ եվրոպական մեկշաբաթյա արշավին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը մարտի 21-ը հռչակել է բոլոր տեսակի ռասսայական խտրականությունների վերացման միջազգային օր: Այս օրերին աշխարհի ամենատարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ ակտիվորեն հանդես են գալիս ընդդեմ խտրականության, հանուն հանդուրժողականության, հավասար իրավունքների և բազմազանության:

Այս տարի մարտի 22-27-ը Եվրոպայի տարբեր քաղաքներում անցկացվելու է մեկշաբաթյա արշավ` ըմդդեմ խտրականության, որը կազմակերպում է UNITED For Intercultural Action կազմակերպությունների ցանցը, որը կազմված է 560 եվրոպական կազմակերպություններից: Այս տարի արշավին միացել է նաև Երևանը:

Մարտի 22-27-ը 4 կազմակերպություններ` «Հայ առաջադեմ երիտասարդություն» կազմակերպությունը, AEGEE-Yerevan կազմակերպությունը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և «Երիտասարդական շունչ» ՀԿ-ն` միանալով եվրոպական մի շարք կազմակերպությունների, կանցկացնեն հակառասիստական արշավ Երևանում:

Ինչպես ասվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի հաղորդագրության մեջ, մեկշաբաթյա արշավի ընթացքում մենք նախատեսում ենք կազամկերպել ՀՀ-ում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչների մշակույթների ներկայացումներ, ֆիլմերի դիտումներ, օնլայն ֆլեշմոբեր, տեղեկատվական արշավներ, դասընթացներ երիտասարդների և ուսանողների համար և քննարկումներ: