22 մարտի 2011 - 13:10 AMT
Ռուբեն Մելքոնյան. Նոր օսմանականության քաղաքականությունը դուր չի գալիս արաբական աշխարհի որոշակի մասին

Թուրքիան իր գերակտիվ քաղաքականությամբ փորձում է Մերձավոր Արևելքում առաջնորդ դառնալ` օգտվելով արաբական աշխարհում առաջնորդի բացակայությունից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքերով, Թուրքիան ցանկանում է միջնորդ դառնալ Արևելքի և Արևմուտքի միջև, և դա նրան հաջողվում է: «Նույնը նա փորձում է անել Հարավային Կովկասում, սակայն ղարաբաղյան հակամարտության մեջ Անկարայի ոչ օբյեկտիվ լինելն անընդունելի է Հայաստանի համար»,- նշել է Մելքոնյանը:

Նա նաև հիշեցրել է, որ Թուրքիան ներկա պահին վարում է նոր օսմանականության քաղաքականություն` փորձելով ուժեղացնել իր ազդեցությունը: «Այդ մասին, որպես արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը, դեռ 2001-ին գրել է Թուրքիայի ԱԳՆ ներկա ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: Թուրքիան հիմա օգտագործում է արաբական երկրներում տեղի ունեցող գործընթացներն իր օգտին` փորձելով բարձրացնել իր հեղինակությունն արաբների շարքում և կատարելով պոպուլիստական հայտարարություններ: Սակայն պետք չէ մոռանալ, որ նեո օսմանիզմի քաղաքականությունը դուր չի գալիս արաբական աշխարհի որոշակի հատվածին, և դա գալիս է դեռ Օսմանյան կայսրության ժամանակներից»,- ասել է Ռուբեն Մելքոնյանը:

Ինչ վերաբերվում է Լիբիայի դեպքերին, ապա հայ փորձագետի կարծիքով մի կողմից Էրդողանը կոչ է արել Քադաֆիին լսել ժողովրդի ձայնը և հեռանալ, մեկ այլ կողմից, դեմ է եղել դաշնակիցների ռազմական գործողություններին, ինչը բարձրացրել է նրա հեղինակությունը Լիբիայում: Մելքոնյանը նաև նշել է, որ Թուրքիան փորձում է իր վրա միջնորդի դեր վերցնել լիբիական ճգնաժամի կարգավորման հարցում: