22 մարտի 2011 - 15:12 AMT
Հայաստանի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում արտահանման կողմնորոշում ունեցող միջին ձեռնարկություններին

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը մարտի 22-ին աշխատանքային այցով եղել է «Քրաուն Քեմիքլ» ՍՊԸ-ում և ծանոթացել ընկերության գործունեության և պլաստմասե տարաների արտադրության նոր արտադրամասի հետ: «Մեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն արտահանման կողմնորոշում ունեցող միջին ձեռնարկությունները, որոնցում աշխատում է 100-ից ավել մարդ»,- ասել է նա: Նախարարի խոսքերով, «Քրաուն Քեմիքլը», որն աշխատում է հայկական շուկայում 10 տարուց ավելի, այսօր արտահանում է իր արտադրանքը Վրաստան, Ռուսաստան և ԵՄ երկրներ, ինչպես նաև Ասիա:

«Քրաուն Քեմիքլ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է քիմիական ապրանքների արտադրությամբ, հիմնվել է 1997-ին: Ընկերությունն արտադրում է 50 անուն ապրանք, որոնց շարքում` էկոլոգիապես մաքուր ներկեր և վերանորոգման համար նախատեսված այլ ապրանքներ: «Քրաուն Քեմիքլի» արտադրության ծավալները 2010-ին կազմել են 1.2 մլրդ դրամ, որից արտահանումը կազմել է 197 մլն դրամ:

2010-ին «Քրաուն Քեմիքլ» ՍՊԸ-ն սեփական միջոցներից ներդրել է 900 հազար դոլար պլաստամասե տարաների նոր արտադրամաս հիմնելու համար: Ընկերության հիմնադիր Համլետ Դավուդիի խոսքերով, այսօր արտադրական հզորությունները կազմում են 7 հազար տոննա, սակայն դրանք կարող են ավելանալ 10 հազար տոննայով, առավել ևս, որ ընկերությունն ուսումնասիրում է Հայաստանի շուկան: