22 մարտի 2011 - 16:14 AMT
ԱՊՀ երկրների մրցակցային մարմինները կքննարկեն օրենսդրության հնարավոր խախտումների դեպքերը

ՀՀ ՏՄՊՊՀ 10-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների 2-րդ օրը` մարտի 22-ին, Երևանում կգումարվի ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո գործող հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրությունների շտաբի 16-րդ նիստը:

Նիստի օրակարգում են մի շարք կարևոր խնդիրներ, այդ թվում` հեռահաղորդակցության և ավիափոխադրումների ոլորտներում և մանրածախ առևտրի շուկայում մրցակցային օրենսդրության հնարավոր խախտումների համատեղ ուսումնասիրությունները, կներկայացվեն նաև ԱՊՀ անդամ երկրներում էներգետիկայի ոլորտում մրցակցային իրավիճակի մասին զեկույցի մշակման արդյունքները:

Հայկական կողմի համար Շտաբում քննարկվելիք հարցերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հեռահաղորդակցության շուկայում խախտումների համատեղ ուսումնասիրման ենթախմբերի աշխատանքներին մասնակցելու նպատակով հրավիրվել են Հայաստանում տվյալ և, հատկապես, բջջային կապի ոլորտում գործող բոլոր երեք ընկերությունները` համատեղ լուծման ենթակա հիմնահարցերը հանգամանորեն ներկայացնելու և դրանց լուծման ուղիներն առաջարկելու համար: