23 մարտի 2011 - 18:41 AMT
Մի շարք ՀԿ-ներ պահանջում են վրան տեղադրել հացադուլը շարունակող Րաֆֆի Հովհաննիսյանի համար

Արդեն 8-րդ օրն է, ինչ Երեւանի ազատության հրապարակում հացադուլի մեջ է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր եւ ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը` այդ կերպ արտահայտելով իր ընդվզումը ներկա վիճակի եւ ահազանգը երկրի վտանգված ապագայի համար: Այս մասին ասվում է մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների Սերժ Սարգսյանին ուղղված հանրային պահանջագրում: «Հացադուլի հենց առաջին օրվանից` մարտի 15-ից իշխանության ամենաբարձր մակարդակները ցուցաբերեցին բացառիկ հակամարդկային վերաբերմունք հացադուլ հայտարարած քաղաքացու հանդեպ` չթույլատրելով վրանի կամ տաքացուցիչի տեղադրում: Իսկ քաղաքացիների նախաձեռնությամբ դա անելու փորձերը առանց բացատրության ու հիմնավորման կոպտորեն կանխվեցին ոստիկանության կողմից»,-ասվում է հայտարարության մեջ:

«Հարցի քննարկումը Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի, անգամ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հետ չհանգեցրին խնդրի լուծման, թեեւ ՄԻՊ-ը հայտարարել է, որ ոստիկանության գործողությունները իրավաչափ չեն եւ խախտում են Րաֆֆի Հովհաննիսյանի իրավունքները: Չարաշահելով պրն Հովհաննիսյանի ակցիայի խաղաղ ու անաղմուկ բնույթը, իշխանությունները անմարդկային վերաբերմունքը հասցրեցին ծայրագույնի: Մարտի լույս 23-ի գիշերը Հովհաննիսյանը գիշերել է գրեթե չդադարող անձրեւի ու մեկ միջին չափի հովանոցի տակ, իսկ հորդ անձրեւահոսքը ուղղակի ողողել էր նրա նստարանի շուրջբոլորը, ինչը կրկնապատկում է առողջությանը սպառնացող վտանգները` հրատապ չկանխվելու դեպքում վերածվելով կյանքի համար սպառնալիքի»,-ասվում է հանրագրում:

Հանրագրի հեղինակները Սերժ Սարգսյանից պահանջում են այսօր` մարտի 23-ին ապահովել հացադուլի մեջ գտնվող քաղաքացու համար վրան տեղադրելու` պետության պարտավորության կատարումը: «Հակառակ դեպքում մեզ ենք վերապահում պետության պարտավորության իրականացումը»,-ասվում է հանրագրում: