24 մարտի 2011 - 11:32 AMT
Երևանի վարչական շրջանների ղեկավարներն այսուհետ յուրաքանչյուր ամիս հանդես են գալու հաշվետվություններով

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի 2011թ. առաջին երկու ամիսների կատարած աշխատանքների արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքապետի տեղակալները, վարչական շրջանների ղեկավարներն ու քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների պետեր:

Քաղաքապետի որոշման համաձայն, վարչական շրջանների ղեկավարներն այսուհետ հաշվետվություններով հանդես են գալու յուրաքանչյուր ամիս: Կատարած աշխատանքները 0-ից 10 բալանոց համակարգով գնահատելու իրավունքը վերապահվել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերին: Ըստ այդմ, վարչական շրջանների աշխատակազմերի առաջին հաշվետվությունները գնահատվել են բավարար, իսկ առկա թերացումների և բացթողումների մասով քաղաքապետի կողմից տրվել են դրանք շտկելու և վերացնելու հստակ հանձնարարականներ:

Քաղաքապետ Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ նման մոտեցման հիմքում դրվել է վարչական շրջանների միջև առողջ մրցակցություն ունենալու գաղափարը, ինչն իր հերթին կնպաստի լավագույն փորձի փոխանակմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Քաղաքապետը հորդորել է առավել բաց և թափանցիկ աշխատել և հնարավորին արագ և սպառիչ լուծումներ տալ համայնքի բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: