Առևտրի և զարգացման սևծովյան բանկը (ԱԶՍԾԲ) դրական է գնահատում կառավարության քայլերը գնաճի զսպման և Հայաստանում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ:
«Մենք Հայաստանի կառավարության հետ մանրամասն քննարկել ենք տնտեսական իրավիճակը և նրա միտումները: Դրանք լավատեսություն են ներշնչում: Անցյալ տարի ՀՆԱ ծանր անկումից հետո նկատվում են աճի տեմպեր, որոնք ավելի են արագանալու»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է ԱԶՍԾԲ նախագահ Անդրեյ Կոնդակովը:
Նրա խոսքերով, կառավարությունը լուրջ քայլեր է կատարել բյուջեի դեֆիցիտը կրճատելու ուղղությամբ, ընդ որում լուրջ խնդիր է շարունակում մնալ գնաճը: «Կարծում ենք, որ երկրի իշխանությունների կողմից ճիշտ միջոցներ են ձեռնարկվում գնաճը ողջախոհ սահմաններում պահելու ուղղությամբ»,- ասել է բանկի ղեկավարը:
Անդրեյ Կոնդակովն ընդգծել է, որ Հայաստանում բարելավվում է գործարար միջավայրը, «հեշտանում է շփումը հայկական ընկերությունների հետ»: «Պահանջներից մեկը հաշվետվությունների համապատասխանությունն է միջազգային չափանիշներին: Ավելի շատ ընկերություններ են գալիս մեզ մոտ, որոնք ունեն այդ հաշվետվությունները և որոնք հասկանում են, ինչի մասին է խոսքը գնում»,- ասել է նա: