24 մարտի 2011 - 15:56 AMT
Դավիթ Նալբանդյան. Ես ինձ լավ եմ զգում և հաջորդ շաբաթ թեթև մարզումներ կանցկացնեմ

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որը մարտի սկզբին տարել է աճուկային ճողվածքի վիրահատություն, աստիճանաբար սկսում է մարզվել:

«Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ կսկսեմ խաղալ, շատ եմ կարոտել կորտը: Ինձ լավ եմ զգում և հաջորդ շաբաթ կանցկացնեմ թեթև մարզումներ»,- Նալբանդյանի խոսքերը հաղորդում է նրա երկրպագուների պաշտոնական կայքը:

Թենիսիստը մտադիր է մասնակցել Մաստերսների. մայիսի 1-ից ` Մադրիդում, մայիսի 8-ից` Հռոմում: «Մաստերսներն ունեն բարձր վարկանիշ և պետք է լավ խաղալ: Բացի դրանից, ես պատրաստվում եմ նաև «Ռոլան Գարոս» և «Ուիմբլդոն» մրցաշարերին: Այդ խաղերից հետո հուլիսի 8-10-ը պատրաստվում եմ հավաքականի կազմում մասնակցել Դևիսի գավաթին»,- պատմել է թենիսիստը:

Նալբանդյանը նշել է, որ բոլոր այդ մրցաշարերում փորձելու է լավ խաղալ և հաղթել և, իհարկե, բարձրանալ ATP վարկանիշում: