Մարտի 24-ին Հայաստանի սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանն ընդունեց «Պերմի երկրամասի հայկական մշակութային կենտրոն» տարածաշրջանային հասարակական կազմակերպության փոխնախագահ Արմեն Գարսլյանին:
Ողջունելով հյուրին` Ստեփան Պետրոսյանը բարձր գնահատեց հայկական մշակութային կենտրոնի և, մասնավորապես, Արմեն Գարսլյանի ներդրումը Պերմի հայկական համայնքում հայապահպանության, հայկական ազգային մշակույթի պահպանման և զարգացման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:
Արմեն Գարսլայնն իր հերթին անդրադարձավ ՀՀ սփյուռքի նախարարության պատվիրակության այցին Պերմի երկրամաս` նշելով այցի հետևանքով հայ համայնքի աշխուժացման և Հայրենիքի հետ կապերի ակտիվացման մասին:
Ստեփան Պետրոսյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության առաջիկա ծրագրերը: Քննարկվեցին նախարարության ծրագրերին Պերմի հայ համայնքի մասնակցության հնարավորությունները: Մասնավորապես, պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվելիք երիտասարդ առաջնորդների և երիտասարդ լրագրողների դպրոցին, ինչպես նաև Սփյուռքի հայ համայնքների ղեկավարների հավաքին Պերմի հայ համայնքից ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ:
Պայամանավորվածություն ձեռք բերվեց նաև Պերմում Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: