Մարտի 26-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի երիտասարդական կենտրոնում կազմակերպում է բանավեճ-քննարկում՝ «Ի՞նչ է կամավորությունը, ինչո՞ւ դառնալ կամավոր» խորագրով։
Թեմայի շուրջ որպես բանախոսներ հանդես կգան Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը և «ԱՄՆ Խաղաղության կորպուս, Հայաստան»-ի տարածաշրջանային ծրագրերի ղեկավար և երիտասարդական ծրագրերի համակարգող Հովհաննես Ստեփանյանը։ Ներկա կլինեն ինչպես Հայաստանում կամավորություն իրականացնող արտասահմանցի, այնպես էլ Հայաստանից կամավորական ծրագրերի մասնակցած երիտասարդներ, ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։
Քննարկումը նպատակ ունի երիտասարդությանն իրազեկել Հայաստանում իրականացվող կամավորական գործունեության, միջազգային կամավորական ծրագրերի մասին, ինչպես նաև խրախուսել յուրաքանչյուրին՝ սեփական կամավորական ներդրումը կատարել հօգուտ իր բնակավայրի, իր երկրի։