25 մարտի 2011 - 12:10 AMT
Հայաստանում Իտալիայի դեսպանատունը մտադիր է աջակցել հայկական արտադրանքի արտահանմանը

Այսօր Հայաստանի և Իտալիայի միջև ապրանքաշրջանառության միջև գոյություն ունի մեծ անհավասարակշռություն, քանի որ ապրանքաշրջանառության զգալի մասը կազմում է Հայաստանի կողմից իտալական ապրանքների ներկրումը: Այդ մասին մարտի 25-ին Երևանում «Իտալիա-Հայաստան. համագործակցության ծրագրեր» համաժողովի բացման ժամանակ ասել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին:

Նա նշել է, որ թեև հիմա դա Իտալիայի առավելությունն է, սակայն դա վատ է տնտեսության համար երկարաժամկետ հեռանկարում, և իրենց նպատակն է աջակցել Հայաստանից Իտալիա արտահանման զարգացմանը:

Դեսպանը նշել է, որ Հայաստանը կարող է Իտալիա արտահանել այն ապրանքները, որոնք հիմա ներկրում է, մասնավորապես, պերճանքի առարկաներ, կահույք, հագուստ, գյուղատնտեսական արտադրանք: Դրա համար պետք է համատեղ ձեռնարկությունների ստեղծում, ինչպես նաև հայկական արտադրանքի հավաստագրում ԵՄ չափանիշներին համապատասխան: 2010-ին Հայաստանում իտալական ներդրումները կազմել են 3.6 մլն դոլար, առաջին հերթին շինարարության, հողմակայանների ոլորտում, երկու երկրների միջև ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է 127 մլն դոլար: