25 մարտի 2011 - 17:07 AMT
Երևանում կբացվի «Նեմո» դելֆինաթերապիայի կենտրոնը՝ ուկրաինացի մասնագետների մասնակցությամբ

Մարտի 28-ին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտրոատի շենքում տեղի կունենա ստեղծագործական պայմանագրի կնքում Ուկրաինական հանրապետության պետական մանկավարժական համալսարանի և Ուկրաինայի Պ.Լ. Շուպիկի անվան հետդիպլոմային կրթության ազգային բժշկական ակադեմիայի հետ:

Հայաստանը և Ուկրաինան միացել են Բոլոնյան հռչակագրին և ձեռնամուխ են եղել եվրոպական միասնական կրթական տարածքն ինտեգրվելու նպատակով կրթական բարեփոխումների իրականացմանը: Որպես հետխորհրդային տարածքի երկրներ, բնական է, որ բարեփոխումների ճանապարհին ծագած պրոբլեմները քիչ կտարբերվեն իրարից ու այդ իմաստով առավել դյուրին կլինի մեկտեղել ուժերը այդ խնդիրները համատեղ տանելու գործընթացում:

Պայմանագրով նախատեսվում է գիտական ինֆորմացիայի փոխանակում նորագույն կրթական տեխնոլոգիաներով ուսումնական գործընթացի կազմակերպման փորձի փոխանակում, գիտական աստիճաններ շնորհող խորհուրդների աշխատանքների մասնակցություն, պայմանավորվող կողմերի կողմից տրվող վկայագրերի փոխադարձ ճանաչում, համատեղ գիտական կոնֆերանսների կազմակերպում և այլն:

Հատկապես Մանկավարժական համալսարանի համար կարևորվում է ուկրաինական մասնագետների կողմից ղեկավարվող երևանյան դելֆինարիումի հնարավորությունների օգտագործումը` հատուկ մանկավարժության ամբիոնի դասախոսների և բարձր կուրսերի ուսանողների ու մագիստրանտների համար անիմալոթերապիայի` մասնավորապես դելֆինաթերապիայի մեթոդի յուրացումը և դրա կիրառումը զարգացման սահմանափակ կարողություններով երեխաների արատի շտկման գործընթացում (աուտիզմ, օլիգոֆրենիա, մանկական ուղեղային կաթված և այլն), ասվում է համալսարանի մամլո հաղորդագրության մեջ: Իսկ ժամը 14-ին տեղի կունենա «Նեմո» դելֆինաթերապիայի կենտրոնի հանդիսավոր բացումը: