
Փետրվարի 26-ին Նոյեմբերյան քաղաքի Նիկոլայ Նասիբյանի անվան հիվանդանոցում գործարկվեց հեմոդիալիզի միկրոբաժանմունք: Նոյեմբերյանի հիվանդանոցի եռահարկ շենքն անցյալ տարի նորոգվել էր Հայաստան համահայկական հիմնադրամի հանգանակած 317 միլիոն դրամով, ընթացքի մեջ է բուժհիմնարկը անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով հագեցնելու գործընթացը:
Ոչ միայն Նոյեմբերյանում, այլեւ ամբողջ Տավուշի մարզում հեմոդիալիզի միկրոբաժանմունք չկար: Հիվանդները ստիպված էին հարյուրավոր կիլոմետրեր կտրելով` բուժում ստանալ Վանաձորում կամ Երեւանում: Նոյեմբերյանի հիվանդանոցը հագեցվեց հեմոդիալիզի սարքավորումներով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ: 2010թ. դեկտեմբերին հեմոդիալիզի սարքավորումները բերվեցին Նոյեմբերյան: Դրանք գործարկելու համար նոյեմբերյանցի 3 բուժաշխատողներ մասնագիտական վերապատրաստում են անցել Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում, ապա` «Մալաթիա» բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքում, հայտնում է tesankyun.am կայքը:
Ներկայումս Նոյեմբերյանի տարածաշրջանում կա հեմոդիալիզի կարիք ունեցող 8 հիվանդ: Ակնկալվում է, որ նորաբաց միկրոբաժանմունքի ծառայությունից կօգտվեն նաեւ Տավուշի մարզի այլ տարածաշրջանների հիվանդները: Բավական թանկ այս ծառայությունն ամբողջությամբ կատարվում է պետպատվերի շրջանակներում, հիվանդների համար անվճար: