25 մարտի 2011 - 19:09 AMT
Երևանում տեղի կունենա «Գրանիշ» գրական հանդեսի առաջին համարի շնորհանդեսը

Մարտի 26-ին, «Բյուրոկրատ» գրախանութում տեղի կունենա «Գրանիշ» գրական ակումբի և «Անտարես» հրատարակչութան գործակցությամբ լույս տեսած նոր` «Գրանիշ» գրական հանդեսի առաջին համարի շնորհանդեսը:

Հանդեսի այս համարն ունի «Գրանիշ լեզվանի - թե ինչպես լեզուն ստեղծեց գրականությունը և գրականությունը ստեղծեց լեզու» անունը: Այն նվիրված է գրականություն–լեզու փոխհարաբերությանը և ներկայացնում է արդի հայ գրականության մեջ տարբեր լեզվաշերտերի առկայությունը և ժամանակակից արտասահմանյան գրողների թարգմանություններ:

Հաջորդիվ սպասվում են նաև մանկական գրականությանը նվիրված համար, ցեղասպանությանն անդրադարձող գրականությանը նվիրված համար, գրական շուկայի խնդիրներին նվիրված վերլուծական, նաև օտարալեզու թարգմանական համարներ: Ամսագիրն արդեն վաճառվում է Բյուրոկրատ գրախանութում և Արտբրիջ գրախանութ-սրճարանում: Առաջիկայում կլինի նաև Գրանիշ-լեզվանի համարի շնորհանդեսը:

«Գրանիշի» առաջին համարը լույս է տեսել 500 օրինակ տպաքանակով, այն կազմված է 110 էջից, արժեքը` 1500 դրամ է: