26 մարտի 2011 - 14:33 AMT
Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի գեղանկարիչ Կարո Մկրտչյանի ցուցահանդեսը

Հայաստանի ազգային պատկերասրահում մարտի 31-ին կբացվի հայ գեղանկարիչ Կարո Մկրտչյանի 60-ամյա հոբելյանին նվիրված անհատական ցուցահանդես: Ինչպես նշում են կազմակերպիչները, «նկարչի 60-ամյակի առթիվ բացված ցուցահանդեսը ոչ միայն հրաշալի առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու նրա գեղարվեստական ժառանգությանը, այլև հարգանքի տուրք մատուցելու արվեստագետի հիշատակին, ով հեռացել է կյանքից 2001 թվականին»:

Կարո Մկրտչյանը 20-րդ դ. երկրորդ կեսի այն արվեստագետներից է, ում անվան հետ է կապված հայ գեղանկարչության շրջանակների ընդլայնման, անհատական հայացքի հաստատման, թեմատիկ և ժանրային սահմանների բացման, սինթեզման գործընթացը: Կ.Մկրտչյանը հետվաթսունական սերնդի ներկայացուցիչ է: Կ.Մկրտչյանը ստեղծագործել է ոչ միայն հաստոցային գեղանկարչության, այլև թատերական ձևավորման ասպարեզում. թատրոնի հետ թե' անմիջական, թե' անուղղակի ներքին կապը խիստ հատկանշական է 1970-80-ական թվականների խորհրդային և, մասնավորապես, խորհրդահայ կերպարվեստի համար: