26 մարտի 2011 - 16:02 AMT
Յուսուֆ Ղալաչօղլու. Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիան պետք է համագործակցի Իրանի և Ռուսաստանի հետ

Թուրքիան պետք է խելքի գա ու իր արտաքին քաղաքականությունն ուղղի Ռուսաստանի, Իրանի ու թրքական պետությունների կողմը: Այդ մասին հայտարարել է Թուրք պատմաբանների ասոցիացիայի նախկին ղեկավար, Ազգայնական շարժում կուսակցությունից պատգամավորության թեկնածու Յուսուֆ Ղալաչօղլուն՝ ելույթ ունենալով «Վերջին գործընթացները Մերձավոր Արևելքում և Բալկաններում» խորհրդաժողովում: Ըստ նրա, ժամանակն է, որպեսզի պաշտոնական Անկարան հրաժարվի ԵՄ-ին անդամակցությունից:

«Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է Թուրքիան այդպես կառչել Եվրոպայի փեշից, երբ վերջինս անկում է ապրում և 10 տարուց կարող է հայտնվել կոլապսի մեջ: Հենց այդ պատճառով Թուրքիան պետք է խելք հավաքի ու նոր դաշինք կազմի Ռուսաստանի, Իրանի ու թրքական պետությունների հետ»,-ասել է նա՝ հավելելով, որ վատ չէր լինի, եթե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում համաձայնության գար Իրանի ու Ռուսաստանի հետ, գրում է Sondakika-ն: