28 մարտի 2011 - 14:00 AMT
ՀՀԿ պատգամավորը կոչ արեց Րաֆֆի Հովհաննիսյանին հացադուլի փոխարեն օգտագործել խորհրդարանի ամբիոնը

Իշխող հանրապետական կուսակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն առաջարկել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին քաղաքական պայքարում հացադուլի փոխարեն օգտագործել խորհրդարանական ամբիոնը: Աճեմյանը նշել է, որ «Ժառանգությունը» հնարավորություն ունի ներկայացնելու իր դիրքորոշումը խորհրդարանում, որտեղ կուսակցությունն ակտիվ աշխատել է, «իսկ հացադուլն արմատական քայլ է արմատական դեպքերի համար»: Նա նաև հավելել է, որ պետք չէ մտածել, որ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է միայնակ լուծել երկրում առկա բոլոր խնդիրները և նշել, որ հենց հասարակության մեջ կան լուրջ խնդիրներ, և որ «խնդիրներն անհնար է լուծել մեկ օրում»:

Իր հերթին, «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հայտարարել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ակցիան արդարացված է համարում, քանի որ Հայաստանում հիմա ճգնաժամային իրավիճակ է: Նա նաև հավելել է, որ չնայած խորհրդարանում «Ժառանգության» ակտիվ աշխատանքին, երեք տարում ընդունվել է կուսակցության կողմից առաջարկված միայն մեկ օրինագիծ` «Պատգամավորների օգնականների մասին»: