28 մարտի 2011 - 18:33 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարն ու ՀՀ-ում Գանայի դեսպանը քննարկեցին երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր

Մարտի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Գանայի նորանշանակ դեսպան Սեթ Կորանտենգին (նստավայրը Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ. Հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Շնորհավորելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան իր նոր առաքելության մեջ եւ հույս հայտնեց, որ ՀՀ-ում Գանայի դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-գանայական կապերի զարգացմանը` ամուր հիմքեր ստեղծելով դրանց խորացման համար:

Դեսպան Կորանտենգը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար, ընդգծելով, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ եւ զարգացմամբ, եւ վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկկողմ համագործակցության ընդլայնման համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների առավել խորացմանն առնչվող հարցեր՝ իրավապայմանագրային դաշտի ստեղծման, տնտեսական համագործակցության խթանման, միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Գանայի համագործակցությանն առնչվող հարցեր: